«Հոգեւոր Հայաստան»

Posted: 2 августа, 2015 in Ուսումնական
Метки:, , ,

Վահան ՏերյանԿարդացի Վահան Տերյանի ՙՙՀոգևոր Հայաստան՚՚ հոդվածը: Իսկապես այն մեծ ազդեցություն գործեց իմ ու իմ մտքերի վրա: Անցել է մեկ դար: Մեկ դար մենք ապրում ենք նույնության մեջ: Այն է կարևոր, որ այդ նույնությունը լավ նույնություն չէ: Ճիշտ է ցավալի է, բայց ես լիովին համամիտ եմ Վահան Տերյանի հետ: Չկա լեզու, չկա արվեստ, չկա արվեստն ու լեզուն խրախուսող ու գնահատող: Չկա ոչինչ: Մեկ դար, չէ, ավելի ճիշտ կլինի ասել հարյուր տարի: Նույն ճահիճի մեջ ընկած ենք հարյուր տարի, ու ոչ ընկղմվում ենք, ոչ դուրս գալիս ճահճից: Ինտելեգենցիա հիմա ընդհանրապես գոյություն չունի: Հոգևոր հայաստան այդպես էլ չստեղծվեց: Միասնություն չկա: Զատված ենք իրարից: Ազգ, ժողովուրդ, բոլորս նստած ենք մեր տներում ու ՙՙԱպրում ենք՚՚ իրարից ոչ տեղյակ: Իրար ատելով ուզում ենք, որ ուրիշները մեզ սիրեն ու օգնեն: Ուզում ենք…Միայն ուզում:

Մեջբերում՝

<<Կա եւ ներքին կամքի խնդիր: Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում:>>

<<Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար:>>

Ինձ մեղավոր եմ զգում ինքս իմ առաջ: Ինձ մեղավոր եմ զգում ՙՙԵս՚՚-ի առաջ: Ինձ կհարցնեք՝ ՙՙՃի՞շտ ենք կառուցում պետություն՚՚, իսկ ինձ կհասնի ՙՙԿառուցու՞մ ենք արդյոք՚՚ հարցը: Մենք, բոլորս մեր մասին մտածելով, մե՜ր առօրյայով ու մե՜ր աշխատանքով ապրելով կարո՞ղ ենք ստեղծել պետություն: Իսկ ի՞նչ է պետությունը: Ի՞նչ ունենք մենք: Մենք ունենք շենքեր: Մեծ ու շքեղ շենքեր: Չունենք բնակիչներ: Արդյո՞ք շենքեր կառուցելով է կառուցվում պետությունը: Մտածում եմ, որ մենք պետք է մեր մեջ պետություն ստեղծոլու ցանկություն ունենանք, որ կարողանանք ստեղծել:

Մեջբերում՝

<<…Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգետ հայ բուրժուային, որ առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցելու, առանց երբեւիցե մտածելու՝ թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա… Ով լոկ շենքերի մասին է մտածում, նա «չգիտի ինչ է անում»:…>>

Հերոսներ չունենք: Բոլորը փակել են աչքերը ու ասում են, որ ամեն ինչ լավ է: Կարող է ես եմ սխալվում: Կարող է՝ ինչպես Վահան Տերյանն է ասում իր հոդվածում ծիլերը հասունանում են, դուք տեսնում եք բացված ծաղիկները, կամ կոկոնները այն ծիլի, որը Վահան Տերյանն է տեսել մեկ դար առաջ: Ես դեռ միայն ծիլեր եմ տեսնում: Կցանկանայի, որ ամեն մեկս ուժ գտնեինք մեր մեջ, ինչ որ կաթիլ ափսոսանքի: Հոգևոր Հայաստանի կորստի ափսոսանքը:

Մեջբերում՝

<<…Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլեւ մեզ եւ ուրիշների համար…>>

Ինքա՞ն հայ ու պետություն ստեղծող, կամ պետությանը երազող չի կարդացել այս հոդվածը ու չգիտի էլ սրա մասին: Մենք տեսնում ենք շատ չնչին խնդիրները ու չենք նկատում ամենամեծը: Կցանկանայի լսել տարբեր մարդկանց կարծիքները մեր «Հոգեւոր Հայաստան»-ի վերաբերյալ: Ասքանը…

Դ

<<Իսկ ինչ վերաբերում է այն ազգային ինտելիգենտին, որին զայրացրել է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության վրա մտածողների մտորումը, մենք կարծում ենք այժմ նրա համար պարզ պիտի լինի, որ մենք մտահոգվում ենք այդ ֆիզիկական գոյության մասին ոչ լոկ մարդասիրական զգացմունքներից դրդված, այլեւ որոշ ազգային տեսակետ ունենալով: Մենք չէինք կամենա, որ մեր ժողովուրդը ոտնատակ գնար այս շփոթ օրերում, որ նա զոհ լիներ սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի եւ վերջը հուսահատության ու հիասթափության գիրկն ընկներ:>>

<<Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը: Մեր խորին համոզումով, որքան եւ կարեւոր ու խոշոր լինի այսօրվա այդ հերոսական ճիգը, այնուամենայնիվ նա չէ, որ պիտի որոշի, վճռի հայության ապագայի վիճակը, ստեղծի այն Հայաստանը, որ մեզ համար բաղձալի է: Այդ Հայաստանը մենք վերը կոչեցինք Հոգեւոր Հայաստան:>>

Եվ ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից եւ վեհ՝ իր ներքին բովանդակությամբ:

Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով: Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ:

Ընթերցողը կարող է, սակայն, ենթադրել, որ իմ բաղձանքը լոկ կուլտուրական աշխատանքն է, որով ես առաջարկում եմ զբաղվել: Այո՛, եթե կուզեք, այդպես, միայն եթե այդ խաղաղ կուլտուրայի առաջընթացքը խանգարող հանգամանքներ չլինեն:

Քանի որ կան այդ արտաքին արգելքները, բնականաբար մեր ուշքը միշտ պիտի դարձած լինի նրանց վրա: Ես միանգամայն համաձայն եմ Դ.Անանունի հետ, որ մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերց մեկը նրա ապոլիտիցիզմն է:

Դրանից է բխում այն, որ մեր ազգայնական ինտելիգենցիան մեկուսացման մեջ է որոնում հայության փրկությունը, առանձնության մեջ է կամենում կառուցել ազգային ապագան: Ահա այդտեղից է ծագում նրածխականությունը, որ ես էլ շեշտել եմ մի անգամ եւ որին հակադրել եմ քաղաքացիությունը:

Քանի որ կլինեն այդ արտաքին խոչընդոտները, բնականաբար իբր քաղաքացիներ՝ մենք պետք է մաքառենք նրանց դեմ:

Սակայն, բացի այդ, կա եւ ներքին կամքի խնդիր: Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում:

Որքան ուզում է թող անկախ ու ազատ լինի մի Ալբանիա, դա երբեք չի ստեղծի ազգ, եթե ալբանական ժողովուրդը մի ներքին մղում չունենա դեպի այդ եւ տեւական ու ծանր աշխատության գնով ձեռք չբերի այդ արտոնությունը:

Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու:

Ահա թե ինչու՛, ես կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրաինքնության առհավատչյաներն են:

Ֆրանսիացիների նման կուլտուրապես կազմակերպված ու զորեղ եւ քաղաքականապես ապահով մի ժողովուրդ ամեն կերպ աշխատում է պահպանել իր ինքնության գլխավոր նշանը – իր լեզուն, եւ դրա համար ամենուրեք հիմնում է այն ալիանսները, որ մեր Թիֆլիսում էլ կա: Մինչդեռ մենք մի Մոսկվայում, ուր բազմահազար ու հարուստ գաղութ ունենք, չունենք գեթ մի փոքրիկ ընկերություն, մի հիմնարկություն, որի նպատակը լիներ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը ոչ թե օտարների, այլ մերայինների՝ հայերի մեջ:

Մինչեւ այժմ մենք չունենք ոչ մի հիմնարկություն կամ ընկերություն, որ նպատակ ունենար, օրինակ՝ հայ նկարչությունը խրախուսելու, հավաքելու ի մի հայ նկարիչներին, որոնք այժմ արդեն ոչ միայն բնազդով, այլ գիտակցությամբ հայ են իրենց արվեստի մեջ (օրինակ՝ Սարյան, Սուրենյանց եւ այլն):

Չեմ ասում գրականության, մամուլի, դպրոցի մասին. դա հասկանալի է ինքնըստինքյան: Ահա այդ առօրյա կուլտուրական աշխատանքի առջեւներկա պայմաններում էլ չկան արգելքներ, արտաքին խոչընդոտներ, մինչդեռ դրանք գերագույն կարեւորություն են ներկայացնում ազգային ապագան կառուցելու տեսակետից:

Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար:

Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգետ հայ բուրժուային, որ առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցելու, առանց երբեւիցե մտածելու՝ թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա… Ով լոկ շենքերի մասին է մտածում, նա «չգիտի ինչ է անում»:

Նայեցեք՝ մեր Հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը). սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա…

Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան:

«Շենքերի հայրենասիրությունը» – դա՛ է ահա մեր լիբերալ-ազգասեր-բուրժուա-ինտելիգենցիայի հայրենասիրությունը:

Ահա այդ արտաքին սահմաններով առանձնացած խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքին թոզ փչելու համար պատեհ դեպքերի համար արտաքին շքեղ ու հոյակապ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան:

Դա հայ համազգեստը հագին հայ ոստիկանի մի հայրենիք է:

Չկամենա՛նք այդպիսի մի հայրենիք:

Հիշենք, որ այդ զոոլոգիական ազգասիրության արդյունքն է մեր այսօրվա հոգեկան-մտավոր սնանկությունը, մեր կուլտուրական թշվառությունը:

Որովհետեւ որպիսի՞ Հայաստան կարող է ստեղծել զոոլոգիական ազգասեր բուրժուա ինտելիգենտը, որը հայության ամենավսեմ գանձը – լեզուն արհամարհում է, եթե ոչ մի հայ ոստիկանի հայրենիք…

Այդպիսի հայրենիք ես չե՛մ ուզում:

Որովհետեւ, մի՞թե դիակ է իմ կամեցածը:

Իսկ մեր այսօրվա արյունալի հանդեսի ապազգայնացած թամադաների հայրենիքը, նրանց բաղձանքը մի դիակ է անհոգի:

Ու՞ր էր նրանց հռետորական ճարտարությունը, նրանց կրակե ոգեւորությունը, նրանց հեռատես եւ խորաթափանց միտքը, նրանց բորբոքուն սերը, երբ մեռնում էր, երբ այժմ էլ մեր աչքի առջեւ մեռնում է այն, ինչ Հայաստանի հոգին ու սիրտն է, նրա ամենից թանկագին ու վսեմ գանձը, նրա կենդանության եւ ապագայի լավագույն առհավատչյան: Ու՞ր էին նրանք եւ ու՞ր են, երբ մեռնում է արհամարհված ու ընկած, բայց ազնիվ ու լուսեղեն հոգի՛ն Հայաստանի, երբ մեռնում է Հոգեւոր Հայաստանը:

Ե

Այդ Հոգեւոր Հայաստանի կառուցումը ծանր ու տեւական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ եւ գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը:

Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը:

Մի՞թե անվերջ չարչարանքի եւ գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների եւ վսեմ մի հավատի պայծառ պատկերը չէ մեր Հոգեւոր Հայրենիքի ասպետ-զավակների կյանքը:

Եվ եթե այսօր մեկը ոչինչի տեղ է դնում նրանց՝ այդ ոգու ասպետներին ու միեւնույն ժամանակ ծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջեւ, ես չեմ հավատում նրան, ես զզվում եմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից:

Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղի, այլ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան եւ Մուշ եւ Էրզրումին:

Իսկ եթե կա, ապա նա չի նստի ծույլ եւ անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկի այդ Հոգեւոր Հայրենիքի վերակառուցման:

Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:

Մեր Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր:

Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլեւ մեզ եւ ուրիշների համար…

Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերությունների մի նոր դասավորում ստեղծեն, այլեւ գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն:

Եվ հիրավի: Այսօր մեր առջեւ կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մեր հոգու համար, նրանք իրենց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան:

Ես գուշակ լինելու ոչ մի հավակնություն չունեմ: Սակայն ես կուզեի որոշ հետեւողականություն գտնել իրերի ընթացքում եւ որոշ տվյալներից անել բոլոր եզրակացությունները, որ հնարավոր է անել:

Մեր մեռած կյանքն այսօր կարծեք թե կենդանության նշաններ է ցույց տալիս: Թող լինեն այդ նշանները տարօրինակ եւ երբեմն այլանդակ, բայց այդ տարօրինակություններն ու այլանդակությունները ես կուզեի վերագրել անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա:

Եթե, իրավ, այդպես է, ապա իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ Հոգեւոր Հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող Հոգեւոր Հայաստանին: Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է:

Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել:

Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար:

Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը:

Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը:

Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի եւ Հոգեւոր Հայաստանը, կենդանի կլինի մեր Հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի եւ այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:

1914

Հոդվածն ամբողջությամբ՝  Գրողուցավ կայքում

Առաջադրանք

1. Ուշադիր կարդա Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի վերջին՝ Դ և Ե հատվածները:

2. Ի՞նչ ես կարծում՝ որքանով է Տերյանի հոդվածն այսօր արդիական: Խոսքդ հիմնավորիր:

3. Առանձնացրու հոդվածի՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունները:

Նկարի աղբյուրը՝ http://grqamol.am/tarber-zhanrer/banasteghtsutyunner/haykakan/vahan-teryan/

Հոդվածի աղբյորը՝ http://movsisyannune.com/2012/01/27/%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A7%D6%80%D5%A5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D6%82%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/

- комментарии
  1. Նունե Մովսիսյան:

    Ոնց եմ սիրում էս Աստղիկին…ապրի իմ աչոնը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s