Տրնդեզ/Տեառնընդառաջ.

Posted: 11 февраля, 2014 in Ուսումնական
Метки:, ,

755Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից:Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ:Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։

Մարդիկ ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ. տոնի  խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է:

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։

OLYMPUS DIGITAL CAMERA

Եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Տվյալ դեպքում փետրվարի 14-ը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից։ Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, որը խորհրդանշում է ձմռան ավարտի մոտենալը և գարնանամուտը։ Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն։

Փետրվարի 14-ին` Տեառնընդառաջ ի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։ Սովորության համաձայն` Տեառնընդառաջ ի տոնին նվերներով այցելում են նորապսակներին։

images
Սիմեոն Ծերունու օրհնությունը

Թեպետ Տերն աղքատի կերպարանքով եկավ, սակայն չթաքցվեց Նրա Աստվածությունը, քանզի Սիմեոնը, որ պահված էր երկար տարիներ, ընդառաջ գալով կուսածին Մանկանը, վերցրեց Նրան իր գիրկը և Աստված դավանելով՝ օրհնեց: Սիմեոնի ծնողների և նախնիների մասին Ավետարանում ոչինչ չի հիշատակվում, ինչպես օրինակ Մելքիսեդեկի, Ղազարոսի և այն երիտասարդի, ով մերկացավ հանդերձներից (տե՜ս Մարկ. ԺԴ 51): Ավետարանը ոչինչ չի ասում նաև Կույսի ծնողների մասին, որովհետև գովաբանվում է աստվածազգյաց անձանց առաքինությունը և ո՜չ թե արյունը: Սիմեոնի տոհմաբանությունը ներկայացնելու փոխարեն Ավետարանը նրա մասին գրում է որպես Աստծու երկյուղն ունեցող և Հոգով լցված անձնավորության, որն ավելի փայլուն նկարագիր է, քան այն, թե որ ցեղից է: Որովհետև ուր Աստծու Հոգին է, այնտեղ կա ազատություն, պայծառություն և մեծամեծ բաների տեսություն: Եվ Սիմեոնը պայծառ կերպով տեսնում էր իմանալի Լույսը, ինչպես հայելու մեջ, և ակնկալում Երուսաղեմի մխիթարությունը:
Ըստ ավանդության՝ նա յոթանասուներկու թարգմանիչներից էր, ովքեր Եգիպտոսի Պտղոմեոս Եղբայրասեր թագավորի հրամանով Հին Կտակարանի գրքերը եբրայեցերենից հունարեն թարգմանեցին: Դա եղավ Եղիազար քահանայապետի օրերին, երբ հրավիրվեցին Իսրայելի տասներկու ցեղերից վեցական բանիմաց և ընտիր այրեր, և Սիմեոնն այդ ժամանակ տակավին երիտասարդ էր: Թագավորի հրամանով յուրաքանչյուր թարգմանչի Փառան կղզում առանձին սենյակի մեջ էին պահում, որպեսզի միմյանց հետ չխորհրդակցեն, և թարգմանությունն անարատ լինի: Նրանցից յուրաքանչյուրը Սուրբ Հոգու ներգործությամբ յոթանասուներկու օրում ամբողջ մատյանը թարգմանեց, և բոլորի թարգմանություններն էլ նույնը եղան՝ և՜ մտքով, և՜ խոսքերով, որովհետև թարգմանությունը մարդկային իմաստությամբ չեղավ:
Երբ թարգմանելիս Սիմեոնը հանդիպում է Եսայի մարգարեի հետևյալ խոսքին. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի» (Եսայի Է 14), տարակուսում է, թե հնարավոր է, որ հեթանոսները չհավատան այս խոսքերին, և ջնջում է իր գրածը: Սակայն այնուհետև խորհում է, որ իր ընկերներն այնպես կգրեն, իսկ ինքը՝ ոչ, որի պատճառով էլ նրանց միջև տարաձայնություններ կառաջանան և հակառակություններ կլինեն մարգարեության հարցում: Ապա Սիմեոնը քուն է մտնում և արթնանալով տեսնում, որ իր ջնջածը նորից գրված է նույն տեղում ոսկյա տառերով: Այս տեսնելով՝ նա արտասվում է ամբողջ օրն ու դրան հաջորդող գիշերը և երանի տալիս նրանց աչքերին, ովքեր պիտի տեսնեն կուսածին Մանկանը և գրկեն Նրան:
Քանի որ Սիմեոնը ոգևորվել էր մանկացյալ Աստծուն տեսնելու իր բաղձանքով, և որովհետև շատ հեռու էր այդ օրն իր ապրած ժամանակներից, Հոգին հաճեց իրականացնել արդարի ցանկությունը և պահեց նրա մահկանացու բնությունը, որպեսզի չմահանա: Նույն Զորությունը, որ սկզբում անմահ ստեղծեց մեր բնությունը և անհնազանդության պատճառով այն մահկանացու դարձրեց, նույն Զորությունն այդ օրը զորացրեց մահկանացուին՝ արձանանալու մահվան դեմ, որպեսզի մնա, սպասի ու տեսնի Նրան, Ով վերացնելու էր մահվան թագավորությունը, որովհետև Նա էր լինելու Իսրայելի և բոլոր նրանց մխիթարությունը, ովքեր հավատով կանչվեցին:
Եվ Հոգին, որ թարգմանիչների վրա էր և կատարում է Իր երկյուղածների կամքը, ասում է նրան. «Մահ չես տեսնի, մինչև տեսնես Տիրոջ Օծյալին»: Այս խոսքերը նրան հավասարեցնում են մարգարեների հետ, որովհետև վերջիններս ցանկացան, սակայն չտեսան, իսկ Սիմեոնը տեսավ և առաքյալների հետ երանելի եղավ՝ ըստ Տիրոջ խոսքի. «Երանի է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան» (Մատթ. ԺԳ 16-17):
Ծերը շատ նորածինների հետևեց՝ տեսնելու, թե ով կազատի իրեն իր ծերությունից, և շատ տքնեց փնտրելով Տիրոջն աշխարհի ճանապարհներին: Եվ երեք հարյուր քառասունչորս տարի անց կատարվում է նրա բաղձանքը, երբ քառասնօրյա Օծյալ Հիսուս մտնում է տաճար: Այդ օրը Սուրբ Հոգին կանչում է Սիմեոնին՝ ասելով. «Արի՜ ծեր, գնա՜ տաճար և տե՜ս, այն, ինչը ցանկացար. ահա՜ Կույսը և իր Որդին»: Եվ քանի որ Սիմեոնն իր կամքն ու հոժարությունն ամբողջովին հանձնել էր Աստծուն, դրա համար էլ Հոգով եկավ տաճար և նույն Հոգով ճանաչեց կապանքներից Արձակողին և մարմնավորված Աստծուն:
Սիմեոնը, Մանկանը խնդությամբ վերցնելով իր գիրկը, քերովբեական աթոռ եղավ երկրի վրա: Քանի որ Սուրբ Հոգին նրա վրա էր, իսկ Որդին՝ գիրկը, ապա Հայրը նույնպես այնտեղ ներկա էր, քանզի ուր Հոգին ու Որդին են, այնտեղ Նրանց հետ է նաև Հայրը: Մանկանը գրկելով՝ Սիմեոնը գրկեց բյուրավոր հրեշտակներից Օրհնվածին և անհամար հրաբուն զորքերի կողմից Երկրպագվողին: Նա, Ով լցնում էր երկինքն ու երկիրն Իր կամքով, Սիմեոնի գրկում տեղավորվեց:
Գրկելով Մանկանը՝ Սիմեոնը նախ գոհացավ Տիրոջից, որ այդքան ժամանակ իրեն պահեց ու արժանացրեց տեսնելու Նրան, Ով անտեսանելի էր հրեշտակների համար և Ում ցանկանում էին տեսնել բոլոր մարգարեները, սակայն երկնչում էին: Ապա օրհնեց Աստծուն՝ խոսելով Մանկան հետ ո՜չ իբրև մանուկի, այլ իբրև Աստծու՝ Նրա, Ով իշխում է ամեն ինչի վրա:
Սիմեոնն օրհնեց բարերար Հորը՝ բոլորիս Աստծուն, Ով գթալով Իր արարածներին՝ առաքեց մեր Փրկչին ու Բժշկին՝ Բանն Աստծուն՝ գտնելու Իր մոլորված հոտն ու կորած պատկերը և փրկելու մարդկային ցեղը մեղքերի մահից: Օրհնեց Նրան, Ով մեծ Լույս ծագեցրեց՝ լուսավորելու մեղքերի մեջ խավարածներիս և մահվան ստվերում նստածներիս: Օրհնեց Աստծուն, որ Է և Էր և որ երևաց որպես բարերար ու մարդասեր և առնելով ծառայի կերպարանք ու մարդանալով՝ նրա գրկում հայտնվեց որպես քառասնօրյա մանուկ, և այդ գիրկն Աստվածության ընդունարան եղավ: Գոհությամբ օրհնեց նաև Սուրբ Հոգուն, Ով գթացող է և նախախնամող, որ այսքան ժամանակ իրեն պահեց մարմնում, մինչև որ ցույց տվեց բաղձալի Փրկչին:
Եվ ապա խնդրեց իրեն արձակել կապանքներից. «Այժմ, ո՜վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային ըստ Քո խոսքի» (Ղուկ. Բ 29): Կապանքները երեքն էին, նախ՝ Օրենքը, որից ազատվեցինք Ավետարանի նորոգությամբ, ապա ազատվեցինք մեղքերի կապանքներից՝ արդարությամբ և մահկանացու կյանքից՝ անմահությամբ:
Դարձյալ՝ Սիմեոնը «արձակի՜ր ինձ» ասելով խնդրում էր իրեն ազատել այս դժվարակիր, տաժանելի ու տաղտկացած մարմնից՝ իբրև բանտից: Նա բազում պատճառներով հանդերձյալ կյանքը խաղաղություն է կոչում այս կյանքի նկատմամբ. նախ՝ որովհետև մենք ցավով ու երկունքով ենք մտնում այս կյանք՝ ըստ հետևյալ խոսքի. «Ցավով երեխաներ պիտի ծնես» (Ծննդ. Գ 16), իսկ այն կյանքն անցավ է ու առանց ախտի: Երկրորդ՝ այս կյանքը լի է երկյուղով՝ թշնամիների ու գազանների պատճառով, իսկ այնտեղ չկա երկյուղ, այլ փառքի անանց վայելում: Երրորդ՝ այս կյանքում մարդիկ միմյանց խաբում են, և ուժեղը հաղթում է տկարին, իսկ այնտեղ չկա խաբեություն, և արդարից ոչինչ չեն խլում: Չորրորդ՝ այս կյանքում մեկ մեղքերի մեջ ենք լինում, մեկ էլ՝ արդարության, մեկ՝ աղքատության մեջ, մեկ էլ՝ հարստության, իսկ այնտեղ չկան փոփոխություններ, որովհետև այն կյանքն անանց է ու հավիտենական: Հինգերորդ՝ այստեղ կարոտ ենք ամեն ինչի, և ինչ էլ որ տրվի, դարձյալ տրտմում ենք, իսկ այն կյանքում ոչ ոք կարիքի մեջ չի լինելու, բացի մեղավորներից: Վեցերորդ՝ այստեղ հեշտությամբ են կորչում մեծությունն ու ուրախությունը, իսկ երբ հասնենք այն թագավորությանը, ապա ոչ մի բարիք չի պակասելու: Յոթերորդ՝ այստեղի բարիքները մենք ենք վաստակում, իսկ այնտեղ Աստված է մեզ բարիք տալու: Ութերորդ՝ այստեղ ուրախությունը մասնակի է լինում, այսինքն՝ կա՜մ հոգևոր, կա՜մ մտավոր, կա՜մ էլ մարմնավոր, իսկ այնտեղ ամբողջական է լինելու՝ և՜ հոգևոր, և՜ մտավոր, և՜ մարմնավոր: Իններորդ՝ այստեղ մահվամբ ապականվում ենք, իսկ այնտեղ մահն է ապականվում: Տասներորդ՝ այստեղ հակամարտություն կա հոգու և մարմնի միջև. հոգին մարմնի հակառակն է ցանկանում, իսկ մարմինը՝ հոգու (տե՜ս Գաղատ. Ե 17). իսկ այնտեղ վերանում է այս խռովության պատճառը, և խաղաղություն է լինում սրանց միջև: Դրա համար էլ ծերունին աղաչում է, որ Տերը նրան արձակի. «Արձակի՜ր, ամենակա՜լ Աստված, Օրենքի ծառայությունից Քո Որդու հաղթության փառքով և քանդի՜ր դատապարտության կապանքները Քո տնօրինությամբ: Բա՜նն Աստված, մարմնանալով նորոգի՜ր մեր հոգին ու մարմինը: Սո՜ւրբ Հոգի, Քո մշտնջենավոր պարգևներով լցրո՜ւ մեր կյանքն Ավազանից ծննդյամբ, որն անշարժ է ու անսասան»:
Նա այդպես էր ասում, որովհետև հոգու աչքով տեսնում էր նորածին Մանկանը՝ աստվածային իմանալի Հուրը: Սիմեոնն այդ օրերին խոր ծերության մեջ էր, ինչ պատճառով էլ տաղտկացած էր թախծալից կյանքից ու արձակում էր խնդրում՝ ասելով. «Որովհետև աչքերս տեսան Քո փրկությունը» (Ղուկ. Բ 30): Սրանով այն մասին է ասում, ինչը պիտի կատարվեր խաչի վրա, ինչը պատրաստված էր աշխարհի սկզբից և հայտնվեց վերջին ժամանակներում՝ բոլոր մարդկանց ազատության համար:
Եվ ապա շարունակում է. «Լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար» (Ղուկ. Բ 32): Ըստ Հովհաննեսի՝ «Այդ լույսն էր ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ» (Հովհ. Ա 9): Եվ որպեսզի չկարծեն, թե միայն հրեաների համար է եկել, ավելացնում է. «Լույս հեթանոսների համար»՝ հայտնելով, որ խաչից ու հարությունից հետո ծագելու է նաև նրանց վրա: Այս Լույսով վերացավ կռապաշտության գիշերը, փարատվեց մեղքերի խավարը, մարդկանց վարքը դեպի հոգևորը փոխվեց, և մարդիկ անգիտությունից դեպի իմաստության լույսը գնացին: Եվ հեթանոսների անհայտ և ծածուկ հավատն ու ջերմ սերը, որ ունեին առ Աստված, հայտնվեց այս ճշմարիտ Լույսով: «Եվ փառք Իսրայելի Քո ժողովրդի համար» (Ղուկ. Բ 32): Որովհետև նրանցն էին որդեգրությունն ու կտակարանները, նաև ավետիսը և Ինքը՝ Քրիստոս ըստ մարմնի, Ով հավիտյանս օրհնյալ Աստված է ամենքի համար: Սակայն հրեաները չկամեցան հաղորդվել Նրա փառքին, այլ խստասրտությամբ Նրան արհամարհեցին, և Տերը հայտնեց Իր փառքը հեթանոսներին, ովքեր Նրան հավատացին և Նրանով ապրելով՝ մնացին Նրա փառքում: «Նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ ասում էին Նրա մասին» (Ղուկ. Բ 33): Ինչպես մենք ենք Աստծուն Հայր կոչում ոչ բնությամբ, այլ Նրա գթության ու խնամակալության համար, նույնպես և Հովսեփը, խնամք տանելով Մանկան ու Կույսի համար, Տիրոջ հայր անվանվեց, որովհետև վկայեց Նրա մարդեղության ու Կույսի մաքրության մասին: Արդ՝ եթե Նրա մայրը, ով ծնեց ու սնուցեց Նրան, զարմանում էր, ապա մարդկանցից էլ ո՞վ կհամարձակվի ինչ-որ բան փորձել իմանալ ու ասել: Եվ ո՞վ գիտի Նրա միտքը, կամ ո՞վ եղավ Նրան խորհրդակից, որովհետև անքննելի է Նրա մարդեղությունը և անհայտ անգամ հրեշտակներին: Նրանք կարծում էին, թե Իր հոր՝ Դավթի նման թագավորելու է Հակոբի տան վրա, և չգիտեին, որ աշխարհի Արարիչն է՝ բովանդակված մարմնի մեջ: Տերը «ծնողներից» Իրեն ծածկեց, որպեսզի կարողանային բնակվել Իր հետ, որովհետև եթե Մարիամն իմանար, որ Նա է ամենակալ Աստվածը, ապա ինչպե՞ս կարող էր Նրան իր գիրկն առնել ու կաթով սնել կամ որպես մայր Նրանից ծառայություններ ընդունել: Եվ ոչ միայն նրանցից էր ծածկված, այլև առաքյալներից, ինչպես և գրված է. «Ծածկված էր նրանցից, որ չիմանան» (Ղուկ. Թ 45): Արդ՝ Սիմեոնի, Զաքարիայի ու Հովհաննեսի միջոցով իմացվեց, որ Նա է Տերը, սակայն այնքանով, որքանով բավական է արդարների ցանկացածն իրականացնելու համար: «Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց Նրա մորը՝ Մարիամին» (Ղուկ. Բ 34): Սիմեոնը նրանց օրհնեց այն օրհնությամբ, որ սահմանել էին Աբրահամն ու հայրերը, ովքեր չեղան ապերախտ, այլ ընդունեցին Աստծուն, փառավորեցին Նրան և եղան ողջ աշխարհի օրհնության պատճառ: Սիմեոնն օրհնեց Մարիամին, որովհետև ծնեց աշխարհի Փրկչին, իսկ Հովսեփին՝ որովհետև եղավ սպասավոր ու խնամածու անճառ խորհրդին: «Ահա սա Նա է, Ով պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության» (Ղուկ. Բ 34): «Հակառակության նշանը» Տիրոջ խաչն է, որովհետև, ըստ առաքյալի խոսքի, խաչը հրեաների համար գայթակղություն է և հեթանոսների համար՝ հիմարություն, իսկ մեզ՝ հավատացյալներիս համար՝ Աստծու զորությունը և իմաստությունը (հմմտ. Ա Կորնթ. Ա 22-25):
Դարձյալ՝ ովքեր Նրան պատշաճ հավատ ընծայեցին, կանգնեցին և հաստատուն մնացին վեմի վրա, իսկ ովքեր անհավատությամբ վարակված խոտորվեցին Նրանից, գլորվելով ծածկվեցին խավարի խորքերում, ինչպես դպիրներն ու փարիսեցիները, և սա հայտնի է մարգարեի խոսքից. «Սիոնի հիմքում պատվական ու ազնիվ անկյունաքար եմ դնում, և ով հավատա նրան, չի ամաչի» (Եսայի ԻԸ 16): Նաև՝ «Ահավասիկ դնում եմ Սիոնի մեջ քար գայթակղության և վեմ գլորման, և ամենայն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու. (Հռոմ. Թ 33):
Այստեղ նաև հրեաների անկման մասին է ասում, ովքեր եղան ուրացող ու աստվածամարտ և բախվելով վեմին՝ փշրվեցին: Նրանք, այնքան սքանչելիքներ տեսնելով և ունենալով Օրենքն ու մարգարեությունները, անհավատ մնացին, իսկ հեթանոսները, առանց տեսնելու այդ սքանչելիքները և առանց մարգարեների, միայն լսելով առաքյալների քարոզները, հավատացին ու դրանով փրկվեցին: Արդ՝ ինչը մարգարեները կանխասացին ծածուկ խորհրդով, նույնը Սիմեոնը հայտնապես ասաց մեր Տիրոջ համար: «Իսկ քո հոգու միջով սուր պիտի անցնի» (Ղուկ. Բ 35): Սուրը տրտմությունն է: Կույսը ծնեց հրեշտակի ավետիսով, սակայն տկարացավ՝ տեսնելով Հիսուսին խաչի վրա, որովհետև չգիտեր, որ Նա վեր է, քան մահը, և հառնելու է մեռելներից: Եթե Տերը նրան նախապես հայտնած լիներ Իր չարչարանքների, մահվան ու հարության մասին, ապա Կույսը շատ կտրտմեր, մինչև որ տեսներ Նրան հարություն առած: Նաև առաքյալները տկարացան թերահավատությամբ՝ ըստ հետևյալ խոսքի. «Դուք ամենքդ այս գիշեր Իմ պատճառով գայթակղվելու եք» (Մատթ. ԻԶ 31): Որովհետև Տերը բոլորիս համար ճաշակեց մահը, բոլորիս լուսավորեց և արդարացրեց Իր պատվական Մարմնով ու Արյամբ: Այս խոսքն ունի նաև հետևյալ խորհուրդը. Մարիամի անձով պիտի անցնի այն սուրը, որով քերովբեն մեզանից պահում է Կենաց ծառի ճանապարհը (տե՜ս Ծննդ. Գ 24), և այդ արգելքը վերանալու էր Մարիամի միջոցով: «Որպեսզի բազում սրտերի խորհուրդները հայտնի դառնան» (Ղուկ. Բ 35): Հայտնի դարձավ մարդկանց մտքի տկարությունը: Առաքյալները զարմացել էին ավետիսով հղության և կույսից ծնվելու համար, իսկ հրեաները, լավ չիմանալով հարության և հետմահու թագավորության մասին, ասում էին. «Մենք Օրենքի գրքից գիտենք, որ Քրիստոս հավիտյան է լինելու, դու ինչպե՞ս ես ասում, թե Մարդու Որդին պետք է բարձրանա» (տե՜ս Հովհ. ԺԲ 34): Եվ հարությունից հետո առաքյալները և Կույսը խոստովանեցին այն, ինչ ունեին իրենց սրտում:
Ծերը, ավարտելով իր խոսքը, վերադարձրեց Մանկանը մորը և հանգստացավ ծերության տառապանքներից՝ տաճարում իսկ ավանդելով իր հոգին Աստծուն:
«Եվ այնտեղ կար մի մարգարեուհի՝ Աննա անունով՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից» (Ղուկ. Բ 36): Սիմեոնն Ադամի օրինակն է, իսկ Աննան՝ Եվայի, ովքեր արձակվեցին կապանքներից: Դարձյալ՝ Սիմեոնն օրինակն է Օրենքի հնության, իսկ Աննան՝ մարգարեության լրման: Նրանք նաև դժոխքում գտնվող բոլոր գերիների օրինակը եղան, որոնց բաղձանքը կատարվեց: Դարձյալ՝ Սիմեոնն այրերին էր քարոզում, իսկ Աննան՝ կանանց, որպեսզի բոլորն էլ իմանան Տիրոջ հայտնությունը և գալուստը տաճար: «Աննա» նաև շնորհ է նշանակում, քանզի այս կինն արժանացավ այդպիսի տեսության և մարգարեական շնորհի: Իմանալի Արեգակի գալստյամբ շատացավ շնորհը, և կանայք՝ սուրբ Կույսը, Եղիսաբեթը և Աննան, նույնպես մարգարեացան, որպեսզի բազմանան Տիրոջ վկաները: Եվ այսպիսով Նրա Աստվածության համար վկայում են և՜ մոգերը, և՜ հովիվները, և՜ տղամարդիկ, և՜ կանայք:
Ավետարանիչը շատ պատճառներ ուներ գրելու այս կնոջ անունը՝ նշելով նաև՝ նրա հոր անունը, ինչպես նաև նրա մարգարեուհի լինելը: Նախ՝ գրեց, որպեսզի ասվածը հավաստի լինի, և երկրորդ՝ որովհետև նրա վրա մարգարեական հոգի կար:
«Սա տարիքով շատ առաջացած էր և ամուսնու հետ միայն յոթ տարի էր ապրել՝ սկսած իր կուսությունից: Նա մոտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ ու աղոթքով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստծուն» (Ղուկ. Բ 36-37): Մարգարեուհին պատվվեց յոթ անգամ տասներկու թվով՝ ապրելով ութսունչորս տարի, և նրան հավատացին, որովհետև գիշեր-ցերեկ տաճարից չէր հեռանում:
«Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում» (Ղուկ. Բ 38): Չհեռացավ տաճարից, մինչև չտեսավ տաճարի Տիրոջը, և չդադարեց աղոթելուց, մինչև չտեսավ աղոթքներն Ընդունողին: Նա գոհանում էր Տիրոջից և՜ իր ունեցած շնորհով, և՜ Հոգու թելադրանքով, խոսում ամենքի հետ, ովքեր ակնկալում էին Երուսաղեմի մխիթարությունը, թե Սա է Ուխտի Հրեշտակը և տաճարի Տերը, Ում մասին գրեց Մաղաքիան (տե՜ս Մաղաք. Գ 1-5): Նա հայտնում էր սուրբ Կույսից Բանի մարմնանալը, որի մասին նախապես մարգարեները ձայնեցին: Հայտնում էր, որ Երուսաղեմի փրկությունը չի լինելու մարգարեների կամ հրեշտակների միջոցով, այլ Տիրոջ: Եվ Ինքը՝ Տերը, Ով մեզ որպես մանուկ երևաց, եկավ փրկելու մեղավորներին:
Սիմեոնն ու Աննան, Հոգու ազդեցությամբ, աստվածային մեծ Լույսն տեսան փոքրիկ մարմնում: Նրանք քառասնօրյա Մանկանը տեսան ոչ այնպես, ինչպես երևում էր, այլ այն փառքով, որ ծագում էր Նրանից և լուսավորում տիեզերքը: Նրանք տեսան Անտեսանելին մարմնի մեջ, Բանը՝ ստեղծվածի մեջ, Լույսը՝ նյութով ծածկված, և քարոզեցին փրկական գալուստը: «Երբ ամեն ինչ կատարեցին Տիրոջ Օրենքի համաձայն, վերադարձան Գալիլիա՝ իրենց քաղաքը՝ Նազարեթ» (Ղուկ. Բ 39): «Նազարեթ»-ը եբրայեցերենից թարգմանվում է մաքուր: Այսպես՝ աստվածային Նախախնամությամբ Օրենքի Սրբությունը տարվեց անվանյալ սրբություն՝ Նազարեթ, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, թե Նազովրեցի պիտի կոչվի: Սրանից հայտնի է դառնում, որ Երուսաղեմից անմիջապես Եգիպտոս չգնացին, այլ նախ Նազարեթ, իսկ Բեթղեհեմում բնակվում էին մարդահամարի պատճառով, որպեսզի կատարվի մարգարեությունը: Եվ այնտեղ մնացին այնքան, որքան պահանջում էր Օրենքը:
«Եվ Մանուկն աճում ու զորանում էր՝ լի իմաստությամբ» (Ղուկ. Բ 40): Ինչպես ճշմարիտ մարդ եղավ, այնպես էլ մարդու նման աճում էր: Քանի որ Աստվածությունը մարմնի մեջ էր ծածկված, Տերն անսաց մարմնի աճելուն և իմաստության զորանալուն, որպեսզի ճշմարիտ լինի մարդեղությունը՝ ըստ այս խոսքի. «Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք Նրա փառքը, նման այն փառքին, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութամբ» (Հովհ. Ա 14): Աճում էր մանկական մարմինը՝ խառնվելով և լցվելով ամենակատար Աստվածությամբ՝ ըստ առաքյալի. «Որովհետև Աստվածության լրիվ ամբողջությունը Նրա՜ մեջ հաճեց բնակվել» (Կողոս. Ա 19): Մանուկը զորանում էր ոչ մարդկային իմաստությամբ, այլ աստվածային կատարյալ իմաստությամբ: «Աստծու շնորհը Նրա վրա էր»: Հոգին Նրա հետ էր՝ որպես Արարչակից ու Փառակից: Շնորհ է ասվում Հոգու հեղումը, որով փայլատակում են հավատացյալները, և մաքրվում է նրանց մտքի աչքը: Սակայն Տիրոջ վրա եղող շնորհը ստացական չէր, ինչպես հատուկ է մարդուն, այլ Նա դա բնությամբ ուներ և հայտնում էր ըստ պատշաճության: Տերը սկզբից ևեթ ցույց չտվեց աստվածային զորությունը, այլ այն բացահայտում էր աստիճանաբար, աճմանը զուգընթաց:

Քառասնօրյա մանուկների օրհնությունը
Այս օրինակով «Մաշտոց» ծիսարանում կա քառասնօրյա մանուկների օրհնության կարգ: Մանուկի քառասուն օրը լրանալուն պես, մայրը մանկանը տանում է եկեղեցի և տաճարի դռան առջև, քահանայի առաջ, ծնրադրում, խոստովանում և մեղքերից արձակում ստանում: Այնուհետև քահանան աղոթքով դիմում է Տիրոջը՝ խնդրելով, որ Նա լվանա այս կնոջ մարմնի ախտերը, սրբի հոգու բծերը և արժանացնի մտնել Տիրոջ փառքի սրբությունը՝ վայելելու համար անսպառ բարիքները: Սրանով կինն իրավունք է ստանում մտնել տաճար և հաղորդվել Տիրոջ փրկական Մարմնին ու Արյանը:
Այս ամենից հետո կինը քահանայի հետ մտնում է տաճար և մոտենում խորանին: Այստեղ քահանան օրհնում է մանկանը, ապա գիրկն առնելով, սաղմոսելով մտցնում խորան ու աղոթքով դիմում է Տիրոջը՝ ասելով, որ մանուկը եկել է երկրպագության: Ապա մանկանը երկրպագեցնում է սուրբ Խորանին, սուրբ Ավազանին, տաճարի սուրբ Դռանը և սուրբ Սեղանին: Վերջում պահպանիչ աղոթք ասելով արձակում է մորն ու մանկանը:

Աղբյուր՝
 http://www.dasaran.am/apps/wiki/view/id/4366
Նկարների աղբյուր՝ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s